1901.18
Դատա անալիզը որպես բիզնես հաջողության գործոն
19.01.2018

Դատա անալիզը որպես բիզնես հաջողության գործոն

Դատա անալիզը որպես բիզնես հաջողության գործոն

 

Վերջերս ինտերնետային հեռուստատեսության հսկա Նեթֆլիքսը (Netflix) հայտարարեց 130 նոր երկիր իր ցանցում ընդգրկելու մասին։ Արդեն գլոբալ հեռուստատեսային բռենդի գլխավոր տնօրեն Ռիդ Հասթինգսը նշում է, որ ընկերության բիզնես մոդելը հիմնված է դատա անալիզի վրա։ Վերլուծելով դատա բազան, ինչպես նաև դեմոգրաֆիկ տվյալներ, հնարավոր է դառնում կանխատեսել հեռուստաշոուի հաջողությունը, նախատեսել պահանջարկ ունեցող ծրագրեր, կանխել անհաջող ներդրումները և խուսափել ավելորդ ծախսերից։

 

Տվյալների բազան հանդիսանում է ոչ միայն տարատեսակ ինֆորմացիայի պահոց, այլև հնարավորություն է տալիս մշակել և անալիզի ենթարկել տվյալները, ինչը մեծ դեր կարող է ունենալ ընկերության հետագա գործունեության համար։ Որպես կանոն տվյալների բազան իր մեջ պարունակում է հաճախորդների մասին ինֆորմացիա, հասցեներ, հեռախոսահամարներ, պատվերների կամ ծառայությունների մասին տվյալներ և այլն։

 

Տվյալների բազան հնարավորություն է տալիս՝

 

1 Պահել ընկերության գործունեության համար կարևոր ամբողջական տեղեկատվությունը մեկ տեղում

2 Պատրաստել և ներկայացնել ցանկացած հաշվետվություն կարճ ժամանակում

3 Դատա անալիզի կամ տվյալների վերլուծության շնորհիվ մշակել բիզնես գործունեության համար ակտուալ պրոցեսներ։

 

Դատա անալիզը բազայում կամ պահոցում առկա տվյալների ստուգման, ավելորդ, սխալ, կամ կրկնվող ինֆորմացիայի մաքրման, վերափոխման և մոդելավորման գործընթացն է, ինչը արվում է օգտակար տեղեկատվություն ստանալու, համապատասխան եզրակացություններ անելու և ճիշտ որոշումներ կայացնելու համար։

 

Տվյալների բազայի ճիշտ վերլուծության շնորհիվ հնարավոր է դառնում՝

 

1 Մշակել պահանջարկ ունեցող արտադրանք/ծառայություն,

2 Բարելավել կամ համապատասխանեցնել հաճախորդի պահանջներին արդեն առկա արտադրանքի/ծառայության որակը, ինչը շահույթի ավելացման

հիմքն է հանդիսանում։

 

Դեռ մի քանի տասնամյակ առաջ դատա բազայի կառավարումը և վերլուծությունը բավական ժամանակատար գործընթաց էր։ Կախված տվյալների բազայի չափից, այն

կարող էր տևել մի քանի ամիս։ Այժմ համակարգչային ծրագրերի շնորհիվ հնարավոր է ստանալ վերլուծության արդյունքները շատ ավելի արագ։

 

Մինչև տվյալների բազան անալիզի ենթարկելը, այն անհրաժեշտ է վերլուծել և մշակել։ Հնարավորինս ճշգրիտ արդյունք ստանալու համար հաճախ տվյալների բազան ներմուծվում է

աղյուսակային ձևաչափով կամ արդեն համապատասխան գործառույթներով ապահովված ծրագիր։ Դատա անալիզի համար ստեղծված մեթոդները և ծրագրերը շատ են։ Մինչ վերլուծությունը կատարվում են տվյալների բազայի նախնական հետազոտություն, ինչի շնորհիվ մաքրվում են ավելորդ տվյալները բազայից իսկ անհրաժեշտության դեպքում պահանջվում են լրացուցիչ տվյալներ։ Քանի որ տվյալների բազան ժամանակի ընթացքում մեծանում է և կրում փոփոխություններ, ապա հետազոտական անալիզը դառնում է կրկնվող գործընթաց։ Այնուհետև արդեն մշակված ալգորիթմների, բանաձևերի կամ ծրագրերի միջոցով հնարավորություն է ստեղծվում սահմանել համապատասխան խնդիրներ և անալիզի շնորհիվ ստանալ կիրառելի արդյունք։